25/02/2026
«Ինքնաթիռի պատուհանից թախիծով նայում էի արևմտահայոց գերված լեռներին ու հովիտներին, nրոնք հաջորդում էին իրար: Փորձում էի դրանց վրա նշմարել Զորավարի հաղթական ոտնահետքերը: Չէ՞ որ Անդրանիկը մեր այն բացառիկ հերոսն է, որի հաղթական մարտերի տարեգրությունը ծածկում է բովանդակ Հայոց աշխարհը՝ սկսած Սասուն-Տարոնից, Վան-Վասպուրականից, Բիթլիսից, Երզնկայից, Էրզրումից, Սարիղամիշից մինչև Կարս, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիքից՝ Սելիմի լեռնանցքից մինչև Դարալագյազ (Վայոց ձոր), Նախիջևան, Սյունիք, մինչև Ղարաբաղ, մինչև Ավարայր... Այո, այս պատմական դաշտում, նույն Տղմուտ գետի ափին, 1918թ.-ի հունիսին Զորավարը ջախջախեց թուրքական զորամիավորումները և գրավեց նրանց ձեռքին գտնվող Խոյ բերդաքաղաքը՝ հետն ունենալով արևմտահայ գաղթականների ավելի քան 20.000-անոց բազմություն։ Մտովի համեմատում էի նրան մեր պատմության մյուս երևելի հերոսների հետ, որոնցից յուրաքանչյուրի անունը կապված է կամ հայոց որևէ տարածաշրջանի, կամ որևէ նշանավոր ճակատամարտի հետ: Աչքերիս առաջ նույն այդ լեռների ու հովիտների վրա երևութանում էին սովահար ու տանջահար գաղթականների ստվար քարավանները, որոնք իրենց բախտը կապել էին Անդրանիկի բախտին, կրնկակոխ հետևում էին նրան ու միայն նրան վստահում։ Ու նա, ապաբախտ Զորավարը, օրհասական մարտերին զուգահեռ, հոգում էր ժողովրդի ապահովությունը, տեղափոխում հնարավոր անվտանգ վայրեր: Չնայած այդ ահազարհուր ժամանակներում Հայոց աշխարհում այլևս չկային անվտանգ վայրեր: Միակ ապահով վայրը Զորավարի կողքին էր, նրա բարերար հովանու ներքո: Խորհում էի այս անվերջանալի ճանապարհի տարբեր հանգրվաններում վախճան գտած զինվորների անհայտ շիրիմների մասին: Այն զինվորների, որոնց արյան ամեն կաթիլի համար դողում էր Զորավարը, դառնորեն ողբում ամեն զինվորի կորուստը։ Այո, զորավար մեծարող զինվորներ շատ են եղել ու միշտ կլինեն, իսկ Անդրանիկը զինվոր մեծարող բացառիկ Զորավարն էր»:
Каро Варданян, «Պայթյուններ Թուրքիայում եւ… Ոչ միայն», 2017
Այսօր ազգային ազատագրական շարժման անվանի գործիչ, փառահեղ զորավար #ԱնդրանիկՕզանյան.ի ծննդյան օրն է։
#ԶորավարԱնդրանիկ #ԿարոՎարդանյան #ՀայՄեծեր #Նվիրյալներ #Հայաստան #Հայք